Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Փարիզում միասնության երթին հսկայական բազմություն է հավաքվել

Փարիզում միասնության երթին հսկայական բազմություն է հավաքվել
12.01.2015 | 10:39

Փարիզի Հանրապետության հրապարակում մեկնարկած միասնության երթին, որը գլխավորում են այս շաբաթ իսլամիստ ծայրահեղականների հարձակումների 17 զոհերի հարազատները, կազմակերպիչների գնահատմամբ` շուրջ 1 միլիոն մարդ է մասնակցում:

Միասնության երթին մասնակցել են տասնյակ երկրների ղեկավարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի գլխավորությամբ: Փարիզում են Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Իտալիայի վարչապետ Մաթեո Ռենցին, Իսրայելի վարչապետ Բենջամին Նեթանյահուն, Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը, ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Երթին մասնակցել է նաև Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Փարիզում երթի անցկացման առնչությամբ անվտանգության արտակարգ միջոցառումներ են ձեռք առնվել, հազարավոր ոստիկաններ, անվտանգության ծառայությունների աշխատակիցներ և զինծառայողներ են վերահսկում իրավիճակը Ֆրանսիայի մայրաքաղաքում:
Երթից առաջ Ելիսեյան պալատում պատվիրակությունների ղեկավարներին ընդունել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։ Հայաստանի արտաքին գործերի նախարարը, Ֆրանսիայի ղեկավարին փոխանցելով ՀՀ նախագահի ցավակցությունները, հայ ժողովրդի զորակցությունը և համերաշխությունն է հայտնել բարեկամ Ֆրանսիայի ժողովրդին և իշխանություններին։ Փարիզում կարճատև հանդիպում է կայացել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի միջև: 15 րոպե տևած զրույցի ժամանակ երեք երկրի ղեկավարները քննարկել են ՈՒկրաինայի ճգնաժամն ու դրա կարգավորման եղանակները:

Դիտվել է՝ 1938

Մեկնաբանություններ